Գնահատվել է 48 դպրոցի սեյսմիկ խոցելիությունը
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի համակարգմամբ և վերահսկողությամբ՝ ավարտվել են 48 հանրակրթական դպրոցի տեղորոշման և միջամտության տեսակը որոշելու աշխատանքները։ Դպրոցների սեյսմիկ խոցելիության վերաբերյալ իրենց գնահատականն են ներկայացրել նաև աշխատանքային խմբերի անդամներ, ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության գլխավոր մասնագետներ Արթուր Պետրոսյանը և Սամվել Խաչատրյանը։
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով՝ մշակվել է 2026-2031 թվականներին կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ենթակա 300 դպրոցների ցանկ։
Նախատեսվում է իրականացնել դպրոցների շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության ապահովում, փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերում մոդուլային դպրոցական շենքերի կառուցում, ըստ անհրաժեշտության՝ հիմնանորոգման, վերակառուցման այլ աշխատանքներ:
Վերոնշյալ 48 դպրոցները սեյսմիկ խոցելի են և ենթակա են հիմնանորոգման։
Անի Անտոնյան